Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։