Արեգակ

1.Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի:
2. Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ:
3.Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ:
4. Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում:
5. Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա:
6. Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4սմ-ով:
7.Եթե մեքենան ընթանա 121կմ/ժ արագությամբ, ապա նրանից կպահանջվի 258 օր Սատուրնի օղակներից մեկն ամբողջությամբ անցնելու համար:

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են: Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: 
Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից պաշտպանվելու եղանակներ:
Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում, նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված արեգակնային մարտկոցներում:
Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում:
ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը` էլեկտրական հոսանք ստանալու նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *